National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.05.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Մայիսի 10-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է 3 վարկային համաձայնագիր: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագիրը եւ ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաստաթղթերի նպատակն է բարելավել Երեւանում քաղաքային կոշտ թափոնների կառավարման համակարգը եւ դրանց հեռացման ենթակառուցվածքը: Նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից՝ շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել եւ շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով եւ անվադողերի լվացման համակարգով: Ծրագրի ընդհանուր արժեքը, նախնական գնահատմամբ, կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից վարկ, 8 մլն եվրո՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից վարկ եւ 8 մլն եվրո՝ դրամաշնորհ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի միջոցներից:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին ստորագրված վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով նախատեսվում է 20 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 75 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ծրագրով նախատեսվում է Վեդու ջրամբարի եւ օժանդակ կառուցվածքների շինարարության շնորհիվ ապահովել 29 մլն մա ծավալով վարարաջրերի ամբարումը եւ հետեւաբար կրճատել ջրառը Սեւանա լճից եւ գրունտային ջրերից, ոռոգման ինքնահոս համակարգերի միջոցով ապահովել 3200 հա մշակովի հողերի ոռոգումը եւ 11 պոմպակայանների փակման շնորհիվ խնայել տարեկան 19 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հեղինակների առաջարկով մինչեւ մեկ տարով հետաձգվել են «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունները:

Էլինար Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը : Որոշվել է մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը , որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը: ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանի, Լյովա Խաչատրյանի, Վահագն Մախսուդյանի եւ Արմեն Ավետիսյանի հեղինակած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակների առաջարկությամբ դուրս է եկել  շրջանառությունից:
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովի առաջարկությամբ  հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

ՀՀ կառավարության հեղինակած «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Պարոն Եղիազարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերանայում: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ոլորտը կկարգավորվի, կբարելավվեն ու կպարզեցվեն այդ բնագավառում բիզնես գործունեություն ծավալելու պայմանները:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագիծն ընդգրկվել է ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am